Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի հարցով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նշել է այս կազմակերպությունից ակնկալիքները։
Միրզոյանի խոսքով, հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է.
դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը, ներառյալ՝ օգնության մատակարարման և հակամարտության հետևանքով առաջացած պարենային անապահովությանն արձագանքելու հասանելիության կանխամտածված խոչընդոտումը,
պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, ներառյալ քաղաքացիական անձանց, մասնավորապես կանանց և երեխաների, ինչպես նաև կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություն,
կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,
ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը,
Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն։
Միրզոյանի խոսքով, այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։
Միրզոյանը նշել է, որ ըստ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների, «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը»։
Նա մատնանշել է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում նշված է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է:«Ըստ Օկամպոյի, «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա կարծիքով՝ նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: «Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»,- եզրափակել է Միրզոյանը։