ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կարծում է, որ առաջիկա օրերին պարզ կդառնա, արդյոք Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված խնդիրների հիմքում քաղաքական դրդապատճառներ կան։
«Եթե դրանք (հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրները՝ խմբ.) երկար շարունակվեն, և դա դառնա հայկական ապրանքների նկատմամբ վերաբերմունքի արտահայտում, հնարավոր չի լինի խուսափել քաղաքական խնդիրներից։ Իսկ եթե, ինչպես կոնյակի դեպքում, խնդիրներն արագ լուծվեն, կարծում եմ՝ հնարավոր կլինի արձանագրել, որ քաղաքական խնդիր չկա»,- ասաց նա Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պապոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ եղանակային վատ պայմանների պատճառով բեռնատարների մեծ կուտակումներ կան։
«Ինչպես գիտեք, սևծովյան տարածաշրջանում ուժեղ քամի և բուք է, իսկ Վրաստանում այդ պատճառով հիմնականում (բեռնատարների) երթևեկը դադարեցված է։ Մոտ 30 բեռնատար սպասում է բուսասանիտարական ստուգման արդյունքներին»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ծագած կոնյակի հետ կապված նմանատիպ խնդիրը լուծվել է։
«Կոնյակն անցել է փորձաքննություն, ստացվել է դրական պատասխան, և ողջ բեռն անարգել անցել է (սահմանով)»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով, խնդիրը չի վերաբերվում Հայաստանից արտահանվող և երկիր ներմուծվող բոլոր ապրանքներին, որոշ պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնատարները սահմանը հատում են երկու ուղղությամբ։
«Ցավոք, արգելվում է փչացող ապրանքների անցումը, և հենց դա է ամենամեծ խնդիրը», - ասաց նա:
Վերջին օրերին սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների հայկական հատվածում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի գյուղմթերքներով բեռնատարները Վերին Լարսի անցակետում մի քանի օր սպասելուց հետո ռուսական կողմի խոչընդոտների պատճառով հետ են վերադառնում։ Հիմնավորումն է՝ «բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանելը»։
Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հրաժարվելու հետ։