Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն կմեկնեն Լաչինի միջանցք, հայտնում է ԵՄ դիտորդական առաքելությունը Twitter-ի էջում:
Ռիտերը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել են Լուազոյին և հանձնաժողովի պատվիրակությանը Սիսիանի օդանավակայանում:
Եվրոպաշտոնյաները ԵՄ առաքելության դիտորդների ուղեկցությամբ կուղևորվեն դեպի Լաչինի միջանցք։
Հունիսի 15-ի առավոտյան ադրբեջանական զինուժը փորձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Հաքարի գետի կամրջի մոտ, ռուս խաղաղապահների ներկայությամբ բարձրացնել ադրբեջանական դրոշը։ Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ ցանցում հայտնվել է բարձրացված դրոշով տեսանյութ։ Դրանից հետո ադրբեջանական կողմն ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով։