ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը, որով Հայաստանի և Արցախի նախկին և ներկա նախագահներին կոչ է արվում դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի մայիսի 22-ի հայտարարությունները։ «Այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»,- ասվում է Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ։
Բանն այն է, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ ղարաբաղցիների իրավունքների և անվտանգության երաշխիքներով։
«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին:
Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության:
Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»:
Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Արցախի կարգավիճակը որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ժողովրդի կամքով, և ոչ մի իշխանություն իրավունք չունի այն չեղարկել։
«Մեզ համար անընդունելի եւ առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն եւ դրա հիման վրա կազմված որեւէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղությունից»,- ասված է հայտարարությունում։
Բավ է պառակտվել