Այս փուլում կարողացել ենք խնդիրները լուծել, բայց մենք միջազգային օգնության, այդ թվում ֆինանսական աջակցության կարիք ունենք: Այս մասին հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միջազգային մեր գործընկերների հետ խոսելիս, նրանք արդեն պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար Հայաստանին: Ցավոք, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ նման իրավիճակներում չարաշահումները շատ են լինում: Ես հատուկ մեր համագործակցության հիմքում դնում եմ պրոցեսի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, հետագծելիությունը, որպեսզի ոչ մի դոնորի մոտ, ոչ մի հայաստանյան հարկատուի մոտ որևէ կասկած չառաջանա, թե այդ գումարն ուր գնաց: Իսկ կասկածի դեպքում, մեր վերահսկողական մարմինները պետք է վերահսկողություն իրականացնեն պրոցեսի վրա»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նկատեց, որ շատ երկար ժամանակ մեր ընդդիմախոսները և չարախոսները անընդհատ ասում էին՝ էս կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել և այլն: «Պետք է արձանագրեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության մեջ, հետևյալն է, որ ասում են՝ մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի նրանց առնվազն կարճաժամկետ կարիքները հոգալ, նաև միջնաժամկետ կարիքները հոգալ: Իրենք ասում են, որ չեն հիշում նման նախադեպ։
«Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետեւ ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների ու քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանության մեր օրակարգում չի եղել:»,-ասաց վարչապետը, շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են արցախցիներին աջակցելու հարցում:
Բավ է պառակտվել