Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ արվում է ամեն ինչ՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշման: Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխվորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ, ոչ բեռներ:
«Ավելին, արգելվել են նաեւ Կարմիր խաչի մեքենաների երթեւեկությունը: Սրանք կարեւոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը մատնանշել է, որ դատարանի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը եւ դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է ու «խնդրին պետք է մոտնեալ այս տրամաբանությամբ»։
Կարեւոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարումը բերել է հումանիտար ճգնաժամի։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազից, էլեկտրաէներգիայից, արտաքին մատակարարումների հասանելիությունից, իսկ տեղական էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները կարող են միայն մասամբ բավարարել կարիքները։ Դադարեցվել են, առաջին անհրաժեշտության սննդամթերքի և ապրանքների արտաքին մատակարարումները, արձանագրվել է դեղերի զգալի պակաս։ Նման պայմաններում հնարավոր չէ անգամ ծանր հիվանդներին տեղափոխել։ Ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ սա էթնիկ զտումների քաղաքականություն է։
Նրա խոսքով, իրավիճակի հանգուցալուծումը կայանում է դատարանի վճռի կատարման և Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկման մեջ։