2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի տարածքում բնակվող արցախցիները, ինչպես նաև երևանցիները ուրբաթ օրը հանրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի և այնտեղ բնակվող հայերի իրավունքների։
Հանրահավաքը տեղի է ունենում Երևանում՝ Մյասնիկյանի անվան հրապարակում։ Այնտեղ բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Ակցիայի մասին ավելի վաղ հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ կոչ անելով մասնակցել դրան։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական, այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։