Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց բանաձևով փոխանակելու վերաբերյալ, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- ասել է Զախարովան, մեկնաբանելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։
Իր հերթին, նշել է Զախարովան, Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել իր գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։ Նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար։
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի դեկտեմբերի 7-ին հրապարակած համատեղ հայտարարությունում ասվում է, որ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Ադրբեջանում հայ գերիների մասին
Ըստ առկա տեղեկությունների, Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ կա ընդամենը 33 հայ ռազմագերի և խաղաղ բնակիչ։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, Ադրբեջանում գերության մեջ է գտնվում ևս 80 հայ։
Նրանց թվում են կալանավորված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ․ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին ղեկավար և ԼՂՀ նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։