«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով», - Քվինի խոսքերն է մեջբերում դեսպանության մամլո քարտուղարությունը։
«Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,-ասել է10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը։
Վերջինս դեսպան Քվինի և և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում հետևել է «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքին։
Սեպտեմբերի 11-ին «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել են «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժությունները։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար։