Բաքվից հնչող սպառնալից հայտարարությունները չեն կարող չմտահոգել հայկական կողմին, երեկ Բրատիսլավայում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Օրինակ՝ Եվրոպական խորհրդի նախագահ (Շառլ) Միշելի մայիսի 14-ի հայտարարության մեջ նշվում է Հայաստանի տարածքը՝ 29800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի տարածքը՝ 86800 քառակուսի կիլոմետր տարածք»։ Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը GlobSec-2023 ֆորումի քննարկմանը, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Միաժամանակ, Գրիգորյանը նշեց, որ մի մակարդակում «մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը երբեք չեն ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», Նրա խոսքերն է մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Ավելին, Ադրբեջանի ղեկավարը երկու օր առաջ՝ կիրակի օրը հայտարարեց՝ «մենք ինքներս կարող ենք գծել սահմանը»։ Ինչ-որ առումով սա Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիք է՝ ընդունել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները կամ էլ նրանք սահմանը կգծեն, որտեղ ցանկանան»,- դիմելով քննարկման մասնակիցներին՝ ասաց Գրիգորյանը, պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարությունները հայկական կողմին չմտահոգել չեն կարող։