Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 3-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղին աջակցող ստորագրահավաքին միացել է 536 888 մարդ, երկուշաբթի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը։
«Նրանցից 60 հազարը Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են։ Դա մի փոքրիկ թեստ էր, որը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղը հանձնելու մանդատ չի տվել։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար մարդ հայտարարել է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- շեշտեց պատգամավորը։
Թովմասյանի խոսքով, եվրոպացի պաշտոնյաները Բրյուսելից իրեն մեկ անգամ չէ, որ ասել են, որ չեն հասկանում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը։ Չէ որ «Փաշինյանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հանձնման օգտին, իսկ ընդդիմությունը՝ ոչ»։ Այսպիսով, երկրի բնակիչների դիրքորոշումը ցույց տալու համար Թովմասյանը որոշել է ստորագրահավաք սկսել։
Ընդդիմադիրը վստահ է, որ եթե շարունակի ստորագրահավաքը, ապա ձայները մի քանի անգամ ավելի շատ կլինեն։
«Ընդամենը 120 մարդ է, որոնց առաջարկվել է միանալ նախաձեռնությանը, չեն ցանկացել դա անել։ Եվս 5 հոգի բացահայտ պաշտպանել են գործող իշխանությունների դիրքորոշումը»,- նշեց Թովմասյանը։
Պատգամավորը հավելեց, որ մտադիր է ստորագրությունների ցուցակն ուղարկել բոլոր միջազգային կազմակերպություններին ու կառույցներին։ Նա ցանկանում է ցույց տալ հայ հասարակության իրական դիրքորոշումը և վիճարկել Փաշինյանի գործողությունների օրինականությունը Ղարաբաղի հարցում։
Հիշեցնենք, որ Հայաստանում ստորագրահավաք է իրականացվում նաև «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության կողմից, որն առաջարկում է օրենսդրությունը փոփոխել և քրեականացնել Հայաստանի անունից Արցախը որպես այլ պետության մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանության նշանակությունը նվազեցնող ցանկացած գործողություն։ Ներկայումս արդեն հավաքավել է մոտ 38,5 հազ. ստորագրություն։ Եթե մինչև օգոստոսի 19-ը հավաքվի 50 հազար ստորագրություն, նախաձեռնության մասնակիցները կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի դրանց վավերականությունը։ Դրանից հետո փաստաթուղթը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքներով։