Այսօր Ամմանում ավարտված մինչև 20 տարեկանների երիտասարդական առաջնության արդյունքներով հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը այսօր նվաճեց ոսկե մեդալ՝ 13-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Հնդասկանի ներկայացուցիչ Սումիթ Սամիթի նկատմամբ։
Ավելի վաղ 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը ուժերը չափել է Եգիպտոսը ներկայացնող Մուսթաֆա Հուսեյն Ֆաթի Ալամելդինիի հետ և 2:4 հաշվով զիջել մրցակցին՝ արժանանալով երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալին:
Նախօրեին 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը երրորդ տեղի համար պայքարում 7։0 հաշվով հաղթեց ամերիկացի մարզիկ Ջոն Ուոլկերին։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, նվազագույն հաշվով զիջելով չորս մեդալ ստացած Վրաստանի հավաքականին (1-1-2): Առաջատարը Իրանն է, որի ներկայացուցիչները 6 մրցանակ են նվաճել (3-2-1):
Ազատ ոճայինների կազմում միակ մեդալը նվաճել էր 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8:4 հաշվով առավելության հասնելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի նկատմամբ:
Ըմբշամարտի Մ20 ԱԱ-ն անցկացվել է օգոստոսի 14-ից 20-ը Հորդանանի մայրաքաղաքում։
Տեսանյութում՝ Սուրեն Աղաջանյանի հաղթական մրցամարտը եզրափակիչում, աղբյուրը՝ Wrestling-Armenia։